📩 Նորություններ «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամից — Հոկտեմբեր, 2025
Հոկտեմբերը Ֆիզմաթ դպրոցի և «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի համար նշանավորվեց նոր ձեռքբերումներով, մրցութային հաջողություններով և կրթական կարևոր նախաձեռնություններով։ Ստորև ներկայացնում ենք ամսվա հիմնական նորությունները։
Օլիմպիական կրթություն. նոր ուսումնական տարվա մեկնարկը
2025թ․ Ֆիզմաթ դպրոցում օլիմպիական կրթությունը նոր թափ է ստացել։ «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս տարի օլիմպիական պարապմունքների թիվը կրկնապատկվել է՝ շաբաթական 15 պարապմունքի փոխարեն հասնելով 29-ի։
Այս փոփոխությունը նշանակում է, որ ավելի շատ սովորողներ ունեն հնարավորություն իրենց գիտելիքներն ու հետաքրքրությունները զարգացնել ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության ոլորտներում։ Այս տարի օլիմպիական պարապմունքները մեկնարկել են արդեն յոթերորդ դասարանից՝ նախորդ տարվա իններորդի փոխարեն։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս երեխաներին ձևավորել խորքային մտածողություն, հետևողականություն և մրցունակություն դեռ վաղ տարիքում։
Արդյունքում՝ օլիմպիական խմբակներ հաճախողների թիվը աճել է շուրջ 40%–ով։
Ռոբոտաշինության կրթությունը՝ ուշադրության կենտրոնում
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ 2023թ․ սեպտեմբերից գործող ռոբոտաշինության խմբակը շարունակում է իր ուղին՝ ստեղծելով տեխնիկական կրթական միջավայր հենց դպրոցում։
Դեռևս 2024թ․ դեկտեմբերին Ֆիզմաթի թիմը Տալլինում առաջին անգամ մասնակցեց RobotEx International 2024 մրցույթին, որից հետո ռոբոտաշինական կրթության տարածման նպատակով՝ հիմնադրամը 2025թ․ փետրվարին կազմակերպեց Ռոբոտների հանրապետական օլիմպիադա, որին մասնակցեցին ավելի քան 40 թիմեր ՀՀ տարբեր մարզերից։
Ֆիզմաթի թիմերը գրավեցին՝
🥇 և 🥈 տեղերը՝ «Սումո» անվանակարգում
🥇 տեղը՝ «Լաբիրինթ» անվանակարգում։
Այս տարի Ֆիզմաթի սովորողները չորս թիմով մասնակցեցին Բուխարեստում կայացած RoboChallenge 2025 միջազգային օլիմպիադային։
Չնայած մրցույթը թույլ էր տալիս օգտվել պատրաստի դետալներից, մեր թիմերը մրցույթին ներկայացան իրենց կողմից լիովին ինքնուրույն նախագծված և պատրաստված ռոբոտներով։ Այս մոտեցումը մեծ ուսուցողական արժեք ունի, քանի որ բարձրացնում է սովորողների ինժեներական մտածողության և ստեղծարարության մակարդակը։
📬 Շարունակեք հետևել մեզ Substack-ում, որպեսզի առաջինը տեղեկանաք առաջիկա նախաձեռնությունների, մրցույթների և հաջողությունների մասին։
🌐 Մեր գործունեությանը կարող եք հետևել նաև հիմնադրամի պաշտոնական վեբկայքում և աջակցել Ֆիզմաթի սովորողների համար իրականացվող կրթական ծրագրերին։

