📩 Նորություններ «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամից – Սեպտեմբեր 2025
Սիրելի՛ գործընկերներ, բարեկամներ և շրջանավարտներ,
Սեպտեմբերը մեզ համար լի էր կարևոր ձեռքբերումներով ու նոր հնարավորություններով։ Ստորև ներկայացնում ենք մեր գլխավոր նորությունները։
Միջազգային հաղթանակ Սոչիում
Սեպտեմբերի 20–27-ը Սոչիում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմը գրանցեց փայլուն արդյունք՝ նվաճելով 3 ոսկե և 2 արծաթե մեդալ։
Թիմային հաշվարկով մենք զիջեցինք միայն Ռուսաստանի հավաքականին՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր սովորողները կարող են մրցել աշխարհի լավագույնների հետ։
🏅 Ոսկե մեդալակիրներ – Գոռ Հասրաթյան, Նատալի Մարգարյան, Ռուզաննա Շիրոյան
🥈 Արծաթե մեդալակիրներ – Բագրատ Բագրատյան, Անահիտ Գալստյան
Այս հաջողությունը հնարավոր դարձավ նաև «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որը հոգացել էր թիմի մասնակցության ծախսերը։
Ավելի մանրամասն՝ հետևյալ հղմամբ։
Նոր համագործակցություն Օլիմպիական խմբակների զարգացման համար
Օգոստոսի 8-ին ստորագրվեց պայմանագիր «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի և Globally – Global Entrepreneurship Foundation-ի միջև։
Հիմնադրամը ստացավ 27,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որը լիարժեք կուղղվի Ֆիզմաթում օլիմպիական կրթության զարգացմանը։
Այս համագործակցությամբ նախատեսվում է՝
օլիմպիական խմբակների ընդլայնում (ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, աստղագիտություն),
նոր հայերեն ուսումնական նյութերի մշակում։
«Օլիմպիական շարժում» – Նոր նախաձեռնություն
Հիմնադրամը մեկնարկել է «Օլիմպիական շարժումը», որի նպատակը Հայաստանի մարզերում օլիմպիական խմբակները հասանելի դարձնելն է և տաղանդաշատ երեխաների համար ստեղծել հավասար պայմաններ՝ միջազգային օլիմպիադաներին պատրաստվելու համար։
Այս շարժման շրջանակում մեզ արդեն միացել են՝
FAST Foundation-ը,
Կապանի մաթեմատիկայի խմբակը,
«Քառակուսի» կրթական հիմնադրամը։
Այս նախաձեռնությունը մեկ ընդհանուր քայլ է դեպի Հայաստանի գիտատեխնոլոգիական կրթության զարգացում և հավասար հնարավորությունների ստեղծում բոլոր աշակերտների համար։
Նոր կրթական մոդուլներ և արտադասարանային խմբակներ
Այս ուսումնական տարում Ֆիզմաթում վերսկսում են իրենց աշխատանքը նաև Բանավեճի ակումբը և ճարտարագիտական խմբակը։
Բանավեճի ակումբը հնարավորություն է տալիս զարգացնել քննադատական մտածողությունը, բանավոր խոսքը և վստահությամբ անցնել հարցազրույցներ միջազգային բուհերում։
Ճարտարագիտական խմբակը բաղկացած է երեք հիմնական ուղղություններից՝ մեխանիկա, էլեկտրոնիկա և արտադրանք։ Այն կապում է աշակերտներին գործնական աշխատանքի հետ՝ թույլ տալով մասնակցել ԱԹՍ-ների մոդելավորման գործընթացներին։
Այս պահին ԿԳՄՍՆ-ի երաշխավորում ստանալու համար ներկայացվել են երկու հեղինակային ծրագրեր՝ Հաղորդակցության մոդուլը և Ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։
Այս քայլերը նպաստում են Ֆիզմաթում արտադասարանային կրթության ամրապնդմանը և ժամանակակից հմտությունների զարգացմանը։
Շրջանավարտների ցանցի ձևավորում
Հիմնադրամը նախաձեռնել է Ֆիզմաթի շրջանավարտների ցանցի ստեղծումը, որը նպատակ ունի համախմբել տարբեր սերունդների ուժն ու փորձը։
Այս համատեքստում եթե դեռ չեք լրացրել Շրջանավարտների ցանցի ստեղծման բազայի ձևաթուղթը, ևս մեկ անգամ խնդրում ենք լրացնել։
👉 Հետևեք մեզ նաև սոցիալական հարթակներում՝
[Facebook] | [LinkedIn] | [Instagram]։